ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

«Բոլորս էլ ինչ-որ թանկ, քաղցր ու անփոխարինելի բան ունենք անցյալում»

«Բոլորս էլ ինչ-որ թանկ, քաղցր ու անփոխարինելի բան ունենք անցյալում»
10.06.2016 | 09:11

Հյուսիսային պողոտայում մարտակերտցի ռեփերները օրերս հանդես եկան բարեգործական համերգով: News.am-ի հրավերով Երևանում էին Արսեն Շիրինյանը (Դիբետա), Էրիկը, B 58-ը և Լյոկան: Երգերը արցախյան բարբառով էին:
«Իրատեսի» զրուցակիցը ԱՐՍԵՆ ՇԻՐԻՆՅԱՆՆ է:

-Արսեն, առանձի՞ն եք ներկայանում, թե՞ խմբով:
-Ես ու Էրիկը իրականացրել ենք նախագիծ` թողարկելով մեկ համատեղ ալբոմ: Մեր խումբը անվանել էինք «Օրինակ»: Այժմ բոլորս առանձին ենք ներկայանում, բայց չեմ բացառում հետագա համագործակցությունները:
-Բեմական անունդ Դիբետա է: Ի՞նչ է դա նշանակում:
-«Դիբետ» արցախյան բարբառով նշանակում է «հետ»: Ես նախընտրում եմ «դիբետ»-ի «անցյալ» բացատրությունը: Այսինքն, ըստ իս, բոլորս էլ ինչ-որ թանկ, քաղցր ու անփոխարինելի բան ունենք անցյալում:
-Երգերը, որ ներկայացնում ես, ի՞նքդ ես գրում:
-Երգերի խոսքերը, երաժշտությունը, մշակումն ու գործիքավորումը ինքս եմ անում:
-Երաժշտական կրթություն ունե՞ս:
-Երաժշտական կրթություն ի սկզբանե չեմ ունեցել: Ծնվել ու մեծացել եմ գյուղում՝ Գետավանում, որտեղ նման հնարավորություն առայսօր չկա: Հետագայում փորձել եմ ինքնուս քչից-շատից սովորել, մասամբ հաջողվել է, մասամբ էլ՝ ոչ: Մասնագիտությամբ մաթեմատիկոս եմ:
-Երգերդ բացառապես ղարաբաղի բարբառո՞վ են:
-Այո: Մենք` ղարաբաղցիներս, ունենք դրա պահանջը: Ես` նույնպես:
-Ինչո՞ւ միայն ղարաբաղցիները, Երևանում, օրինակ, ինչպե՞ս արձագանքեցին:
-Շատ լավ: Գուցե նրանց երգերի ոճն էր դուր եկել, որովհետև վստահ եմ, որ բառերը շատ քիչ էին հասկանում:
-Արսեն, դու ռե՞փ ժանրում ես ներկայանում:
-Ոչ, ժանրը, որով ես ստեղծագործում եմ, ռեփի հետ շատ քիչ կապ ունի, ավելի մոտ է էստրադային, ժամանակակից փոփին:
-Ինչի՞ մասին են երգերդ:
-Հիմնականում` սիրո, ինչպես այժմյան երգերի մեծ մասը: Մեկ-մեկ փորձում եմ հայրենասիրական ու այլ թեմաներ` տեղի ռեփերների հետ խմբային կատարումներում:
-Համերգի ժամանակ պատերազմի մասին երգ հնչեց: Նո՞ր էր գրված:
-Այդ երգը ընկերս է գրել՝ Սպարտակը, մշակումն ու հնչյունային ձևավորումն իմն են: Գրվել է քառօրյա պատերազմի ժամանակ:
-Առհասարակ, այս քառօրյան կփոխի՞ երգերիդ շունչը, թեման, տրամադրությունը:
-Մտածում եմ, որ պետք չէ ապրիլյան դեպքերն օգտագործել գովազդի համար: Ես գիտեմ իմ ոճը, գիտեմ ինչի մասին եմ անկեղծ գրում, չեմ ուզում շինծու գործեր ունենալ:
-Ընկերներիդ հետ Ստեփանակերտում համերգ էիք նախատեսում: Հետաձգվե՞լ է:
-Մենք համերգային շրջագայություն էինք սկսել, արդեն ելույթ էինք ունեցել Մարտակերտում ու Մարտունիում: Ստեփանակերտում նախատեսված համերգը պատերազմն ընդհատեց:
-Առաջիկայում կկայանա՞ համերգը:
-Հուսանք՝ իրադրությունը կհանդարտվի, ու կկայանա համերգը:
-Հանկարծահա՞ս էր պատերազմը, թե՞ Արցախում միշտ են զգում պատերազմի շունչը:
-Մենք խաղաղություն չենք էլ կնքել: Միշտ էլ սպասում ենք, միշտ էլ պատրաստ ենք:
-Քառօրյան ինչ-որ բան փոխե՞ց Արցախում, արցախցիների հոգեբանության մեջ:
-Իհարկե, փոխեց, վերամիավորեց բոլորին, ամրացրեց: Սկսեցինք ավելի սիրել, գնահատել այն, ինչ ունենք:

-Կարծես Հայաստան-Արցախ կապը նո՞ւյնպես ինքնատիպ ու ամուր դարձավ:
-Այո, իհարկե: Չէ՞ որ Արցախն էլ Հայաստանի մի մասն է:
-Երևանյան համերգը բարեգործական էր, բեմում ցուցապաստառ կար` «Օգնեք Արցախում զոհվածների ընտանիքներին» վերտառությամբ: Սա ավելի շատ բարոյակա՞ն, թե՞ նյութական աջակցություն էր:
-Թե՛ բարոյական էր, թե՛ նյութական: Հյուսիսային պողոտայում հայտնի աստղերը պաղպաղակ էին վաճառում, որից ստացված շահույթը՝ 2 մլն դրամից ավելի, ուղարկվեց Արցախ:
-Երևանում էլի՞ կլինեն ելույթներ:
-Չեմ բացառում:
-Համերգային շրջագայություններ նախատեսո՞ւմ եք այլ վայրերում:
-Չգիտեմ՝ Հայաստանում կա՞ նմանատիպ համերգների պահանջարկ:
-Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:
-Ամառվա վերջին ուզում եմ թողարկել իմ առաջին ձայնասկավառակը:
-Սկավառակն ինչպե՞ս է վերնագրվելու:
-«Չեմուչեյա», այսինքն` մերժում, չեմուչեմ:
-Ամփոփելով` ի՞նչ կասեք ընթերցողին:
-ՈՒրախ եմ, որ կատարումներս ընդունվել են Երևանում։ Սպասեք նորությունների:


Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4506

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ